ԵրՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը թույլ կտա Հայաստանում իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, հուլիսի 7-ին լրագրողներին հայտնել  է Հայաստանի Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա` դա հնարավորություն կտա ավելացնել Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը մինչեւ  1,5 – 2 միլիարդ Կվտ/ժ (2013 թ.`1,3 միլիարդ):

Նոր էներգաբլոկը թույլ կտա ընդլայնել Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը էժան ինքնարժեքով (Իրանի գազից), որի մի մասը կմնա Հայաստանում:  «Կարծում եմ` դա կարող է նպաստել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը», - նշել է Սաֆարյանը:

ԵրՋԷԿ-ն աշխատում է իրանական գազով, որի 1 խմ-ից արտադրվում է 4 – 4,5 Կվտ/ժ էլեկտրաէներգիա: Իրանին տրվում է 3 Կվտ/ժ, մնացածը` Հայաստանի էներգահամակարգին, շատ ցածր ինքնարժեքով:

Հիշեցնենք, որ երկրորդ էներգաբլոկի շինարարության գաղափարը անցյալ շաբաթ հնչեցրել էր ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Առաջին նոր էներգաբլոկը  շահարկման էր հանձնվել 2010  թ.: Դրա շինարարությունն արժեցել էր 255 միլիոն դոլար: