Չի կարելի ընդունել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ցանկացած բացատրություն: Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Դեմ եմ» շարժման ակտիվիստ Մանե Թանդիլյանը:

«Այսօր իշխանություններն այսպես են բացատրում, վաղը՝ այլ կերպ: Բայց անկախ փորձագետները հայտարարում են, որ էլեկտրաէներգիայի՝ տնտեսապես հիմնավորված գինը բնակչության համար հիմա 27 դրամն է, այլ ոչ թե 41.85 դրամը, որը մենք վճարելու ենք օգոստոսի 1-ին: Իսկ այդ նշանակում է, որ հայտարարություններին պետք է քննադատաբար վերաբերվել եւ թույլ չտալ, որ իշխանությունն ընդունի իրեն հարմար ցանկացած որոշում, չէ՞ որ դրանց համար մենք ենք վճարելու: Առաջիկայում այդ հարցով եւս մի քանի անկախ հաշվարկներ կկատարվեն»,- նշեց Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն մի շարք բողոքի ակցիա են անցկացրել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: