Եթե էլեկտրաէներգիան Վրաստանում ավելի էժան է, հարկավոր է Հայաստանի սպառողների շահերից ելնելով՝ այն ներմուծել: Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: «Պետք չէ ամաչել ապրանքներ ներմուծել, հենց դրանում է ազատականացված տնտեսության իմաստը: Հայաստանի բնակչությունը մեղավոր չէ, որ տեղական էներգետիկ ընկերություններն այնքան արդյունավետ չեն, որպեսզի նվազեցնեն իրենց ծախսերն ու ինքնարժեքը: Իսկ հետեւանքների համար վճարում ենք մենք՝ սպառողներս»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով, հայտնի է, որ Վրաստանը հիդրոէներգետիկ մեծ ռեսուրսներ ունի եւ էներկտրաէներգիայի ավելցուկ, հատկապես մայիսին: Եվ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա արդեն ներմուծում է: Սակայն իշխանությունները համարձակություն չունեն հասարակությանը հայտարարել այդ մասին եւ բացատրել, թե ինչու է Հայաստանը ստիպված լինում նման բան անել:

Հայաստանի Գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանն իր հերթին նշեց, որ ելնելով երկրի շահերից՝ անհրաժեշտ է Վրաստանի հետ պայմանավորվել ջրային հոսքերի կարգավորման շուրջ. Հայաստանի գետերի հոսքի մեծ մասը գնում է Վրաստան:

Հիշեցնենք, որ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է ներմուծում ոչ մեծ ծավալներով, անհրաժեշտության դեպքում (Երեւանի ՋԷԿ-ի վերանորոգման ժամանակ): 2013 թվականին ներմուծվել է ընդամենը 72.8 կՎտ/ժ՝ համեմատաբար ցածր գնով. 4 ցենտ կամ շուրջ 16 դրամ: Եթե համեմատենք Հայաստանում վերանայված սակագնի հետ, որն ուժի մեջ է մտնելու օգոստոսի 1-ից, ապա Վրաստանից ներմուծվող էլեկտրաէներգիան զգալիորեն ավելի թանկ է, քան Հայաստանի ԱԷԿ-ից (5.726 դրամ 1 կՎտ/ժ-ի համար), Սեւան-Հրազդան եւ Որոտանի կասկադների ՀԷԿ-ից ստացվածը (համեմատաբար 2.072 եւ 7.978 դրամ), բայց զգալիորեն ավելի էժան Երեւանի ՋԷԿ-ի (18.133 դրամ), Հրազդանի ՋԷԿ-ի (36.925 դրամ) եւ ՀրազՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի (40.08 դրամ) էլեկտրաէներգիայից: