Մշակույթի ոլորտում հայ-վրացական համագործակցությունը բարձրացել է միջգերատեսչական մակարդակի, ինչպես դա նախատեսված է եղել Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրված համաձայնագրով: Համագործակցությունը զարգանում է նաեւ մշակութի առանձին գործիչների միջեւ: Այս մասին այսօր` հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանում մեկնարկած վրացական գրականության շաբաթը կարեւոր նշանակություն ունի մշակույթների հարստացման տեսանկյունից: Նման միջոցառում տեղի է ունենում արդեն 4-րդ անգամ: «Մշակույթի ոլորտում մեր երկրների միջեւ համագործակցությունը զարգանում է 2008-ին ստորագրված միջպետական արձանագրությամբ, որի գործողության ժամկետը երկարացվել է 3 տարով: Դրա շրջանակներում անցած տարի Երեւանում անցկացվել են վրացական մշակույթի օրեր: Վերջերս Թբիլիսիում անցկացվել են հայկական մշակույթի օրեր` բավական լայն ծրագրով»,- ասել է Պողոսյանը:
Վրաստանի գրողների միության ղեկավար Մակվալա Գոնաշվիլին նշել , որ «բարիդրացիական է համարվում այն երկիրը, որտեղ քեզ սպասում է գոնե մեկ մարդ, իսկ ես Հայաստանում շատ բարեկամներ ունեմ»:
Հայաստանում վրացական մշակույթի շաբաթվա շրջանակներում տեղի կունենա «Ժամանակակից վրացական պոեզիայի հատընտիր» հավաքածուի շնորհանդեսը, որում ընդգրկված են 15 հեղինակների ստեղծագործություններ: Այսօր Երեւան ժամանած վրացի գրողները այցելել են Մատենադարան եւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:


























