Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում հետեւել է քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ այցելել է Արտաշիսյան փողոցի 44/4ա, 44/5, ինչպես նաեւ Ֆրունզեի 8 եւ 10 շենքերի հարեւանությամբ կառուցվող բակեր: Պատասխանատուները տեղերում քաղաքապետին են ներկայացրել ընթացող աշխատանքների մանրամասները՝ հատկանշելով, որ համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում վերոնշյալ բակային տարածքները կապահովվեն զրուցարաններով, նստարաններով, կկահավորվեն խաղային ատրակցիոններով, ինչպես նաեւ մարզագույքերով:
Առանձնակի կարեւորելով երեւանցիների մասնակցությունն իրականացվող ծրագրերում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգվող յուրաքանչյուր բակում ականջալուր լինել բնակիչների առաջարկներին ու կարծիքներին եւ հաշվի առնել նրանց կողմից առաջադրվող մոտեցումները. «Ինչպես այգիների եւ պուրակների կառուցման, այնպես էլ բակերի բարեկարգման հարցում մեր քաղաքականությունը հստակ է. միշտ պետք է հաշվի առնել մեր բնակիչների առաջարկներն ու մոտեցումները: Երբեք պետք չէ մոռանալ, որ այս ամենը նախ եւ առաջ արվում է մեր քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու համար, ուստի շատ կարեւոր է, որ կատարվող աշխատանքն իսկապես լինի մեր բնակիչների սրտով ու լիարժեք ծառայի նրանց: Ավելին, քիչ չեն դեպքերը, երբ հենց տեղում լսելով նրանց առաջարկները, նախագծերում կատարվում են որոշակի փոփոխություններ, ինչը տարածքի հետագա տնօրինման տեսանկյունից իսկապես ավելի հարմարավետ է դարձնում ստեղծվող միջավայրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Օգտվելով առիթից՝ բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ տասնյակ տարիներ անխնամ մնացած բակերի համալիր բարեկարգման լայնամասշտաբ ծրագրերը նախաձեռնելու եւ կյանքի կոչելու համար: Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ եւս վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երեւանյան բոլոր բակերը:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շենգավիթի Եղբայրության փողոց: Հարկ է նկատել, որ տվյալ ճանապարհն ընդգրկվել է Երեւանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրերով հիմնանորոգվող փողոցների ցանկում հենց բնակիչների խնդրանքին ընդառաջելով: Ծրագրի շրջանակում փողոցի ողջ երկայնքով ամբողջությամբ բարեկարգվել ու կանաչապատվել են մայթերի հարակից տարածքները: Տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ: Քաղաքապետի այցելության պահին վարչական շրջանի կանաչապատման ընկերության աշխատակիցները սիազամարգերի խնամքի աշխատանքներ էին իրականացնում: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ գործընթացն իրականացվում է սահմանված ժամանակացույցի համաձայն եւ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ կատարված աշխատանքների արդարացի գնահատականը տալու են բնակիչներն ու, ըստ այդմ, պատասխանատուներին մեկ անգամ եւս հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը, վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու լինել աչալուրջ եւ հետեւողական, որեւէ թերություն կամ բացթողում բացառելու համար:
Եղբայրության փողոցում ընթացող աշխատանքների ընթացքին հետեւելիս, չմերժելով 87-ամյա միայնակ թոշակառուի խնդրանքը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նրա բնակարան, զրուցել տիկին Մարգարիտայի հետ, ծանոթացել նրա խնդիրներին: Առողջություն մաղթելով տարեց տանտիկնոջը, քաղաքապետը նաեւ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է մշտական հոգածության եւ ուշադրության կենտրոնում պահել միայնակ կնոջ առօրյա խնդիրներն ու աջակցել նրան:
Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաեւ Երեւանի հ. 17 գրադարանում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքին: Հարկ է նշել, որ 2013թ.-ին մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում ստացավ գրադարանների ջեռուցման խնդիրը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ աշխատակիցները նկատել են, որ ընթերցասեր հասարակության համար հարմարավետ պայմանների ապահովման արդյունքում զգալիորեն կավելանա գրադարանի այցելուների թիվը: Տարոն Մարգարյանն էլ իր հերթին վստահեցրել է որ այս ծրագիրը եւս լինելու է շարունակական, եւ հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երեւանի բոլոր գրադարաններում:





























