Ադրբեջանն առաջին լուսանկարներն է ստացել իր SPOT-7 արբանյակից, որը նրան վաճառել է ֆրանսիական Airbus Defence and Space ընկերությունը: Արբանյակն արձակվել է «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի հետ համատեղ:
Ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ, լուսանկարները ստացվել են արբանյակն ուղեծիր ուղարկելուց երեք օր անց: Դրանք տարատեսակ լանդշաֆտներ են ցուցադրում՝ ներկայացնելով SPOT-7 արբանյակի պոտենցիալը. բնական ռեսուրսների պատկերում, քաղաքային գոտիների քարտեզագրում, ագրոէկոլոգիական դիտարկում:
Լուսանկարում պատկերված են Ադրբեջանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Սաուդյան Արաբիայի, Թանզանիայի եւ այլ երկրների տարածքները: Ներկայում բանակցություններ են ընթանում «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի արբանյակի կառավարման շուրջ: «Ազերկոսմոս» ԲԲԸ-ն եւ Airbus Defence and Space-ը պայմանագիր են կնքել այս տարվա մայիսին:
Որոշ փորձագետների կարծիքով, Ադրբեջանը ծրագրում է արբանյակն օգտագործել նաեւ Հայաստանի դեմ հետախուզության նպատակով:
Արբանյակն Ադրբեջանին ֆրանսիական ընկերություն է վաճառել: Հավելենք, որ Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է:


































