Մի շարք բողոքների հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է սկսել «Յուտեյր Արմենիա» (UTair Aviation) ավիաընկերության գործունեության վերաբերյալ: Այս մասին որոշում է կայացվել Հանձնաժողովի այսօր՝ հուլիսի 9-ին կայացած նիստում:
Բողոքներում նշվում է, որ ընկերությունը լրատվամիջոցներով ինչպես նաեւ գովազդի միջոցով հայտարարել է, որ իրականացնում է Մոսկվա-Երեւան-Մոսկվա միջազգային չվերթներ՝ մեկ ուղղությունը 49 եվրո արժեքով:
Ըստ բողոքների՝ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Մոսկվա-Երեւան-Մոսկվա մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմել է 126,48 եվրո: Պարզվել է նաեւ, որ «Յուտեյր Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում ՌԴ-ում գրանցված «Յուտեյր լիզինգ» ՍՊԸ-ն, որն էլ ինքնուրույն է որոշում ավիաընկերության գնային եւ գովազդային քաղաքականությունը, իսկ «Յուտեյր Արմենիա» ընկերությունը զբաղվում է միայն տոմսերի վաճառքով:
Այսինքն, փաստացի, խնդիրը վերաբերում է ՌԴ-ում ռեզիդենտ հանդիսացող ընկերության գործունեությանը:
Հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնության մրցակցային մարմինների միջեւ գործող տեղեկատվության փոխանակման միացյալ բազան, ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ, վերոնշյալ գործի նյութերը կուղարկվի ՌԴ՝ հարցին ընթացք տալու եւ ուսումնասիրությունները շարունակելու:





























