Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աղբյուրը թաքնված է Ադրբեջանի ԶՈՒ-ի եւ ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների մեջ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 9-ին մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նշենք, որ մամուլի ասուլիսը անմիջապես սահմանին է տեղի ունեցել՝ մարտական հենակետերից մեկում:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ցանկացած պետության ղեկավարություն պատասխանատու է իրավիճակի սթափ գնահատման եւ խելամիտ որոշումների կայացման համար: «Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ սխալ որոշումը կարող է ձնակույտի էֆեկտ ունենալ եւ բումերանգով հարվածել նրանց», - նշել է նախարարը:

Այդ համատեքստում պաշտպանության գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի ԶՈւ-ն եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին հրաման է տրվել պատասխանել դիպուկահարների կրակոցներին: «Պատասխանը պետք է անսպասելի եւ պատժիչ լինի: Սակայն  անկանոն կրակոցներին մենք չենք պատասխանում: Հրամանը ուժի մեջ է: Եթե Ադրբեջանը մեծացնի դիպուկահարների կրակոցների թիվը, ապա կհետեւի ադեկվատ պատասխանը, որը հակառակորդը սեփական մաշկի վրա կզգա», - հայտարարել է Օհանյանը:

Ընդ որում, պաշտպանության նախարարը նախազգուշացրել է, որ եթե հակառակորդը շարունակի բնակավայրերի վրա հարձակումը, հայկական կողմը ստիպված կլինի պատասխան տալ: «Կհետեւի լուրջ պատասխան, այն տարբերությամբ, որ մենք չենք կրակի բնակավայրերի վրա, սակայն կտուժեն նրանց զինծառայողները: Եթե ադրբեջանական ղեկավարության համար զինվորների կյանքը արժեք չունի, եւ նրանք միայն նրանց համակարգչային խաղերի հերոսներն են, ապա մեզ համար յուրաքանչյուր զինվորի կյանք բացառիկ արժեք ունի», - ընդգծել է նախարարը: