Միջազգային կազմակերպությունները պետք է մտածեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին: Այդ իրավունքից ղարաբաղցիներն օգտվել են՝ ինքնորոշվելով տարածքներում, որտեղ բնակվել են իրենց նախնիները: Այդ մասին հուլիսի 9-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով Մինսկի խմբի դերի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ միջնորդների շնորհիվ երկար տարիներ պահպանվում է թեեւ հարաբերական, բայց խաղաղ իրավիճակը: Կրկին նշելով, որ միայն կառուցողական երկխոսության ճանապարհով է հնարավոր որոշում գտնել, նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես բանակցությունների կողմ է հանդիսանում: Նրա խոսքով՝ միջնորդները պետք է հիշեն այդ մասին: Ընդ որում նախարարը նույնիսկ չի բացառել այնպիսի շրջադարձ, որի դեպքում բանակցությունները ստիպված կլինեն զրոյից սկսել եւ վարել անմիջապես Ստեփանակերտի հետ:

Պատասխանելով ամերիկյան կողմի հաճախակի հայտարարությունների վերաբերյալ հարցին, այն մասին, որ հնարավոր է Ադրբեջանին 7 ազատագրված տարածքներից 6-ի վերադարձը, Սեյրան Օհանյանը նշել է, որ հարցն այն մասին, թե ինչ է նշանակում փոխզիջում, երկխոսության եղանակով է լուծվում: Իսկ միջնորդները դեռ պետք է մտածեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին, ընդգծել է Օհանյանը: