Հակառակորդն այս գիշեր կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ եւ 4 ժամ շարունակ կրակի տակ պահել ամբողջ գյուղը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:

«Կրակոցներ են եղել մինչև գիշերը ժամը 1:30-ը: Թեթեւակի վնասներ են` տանիք, պատուհան, սառնարան: Ժողովուրդն արդեն սովորել է, պաշտպանվում են: Գիշերային ժամերին լույսերն անջատում ենք, մի տեղ պատսպարվում»,- ասել է նա:

Գյուղապետի խոսքով՝ գնդակոծությունից վիրավորներ ու մեծ նյութական վնասներ չունեն. «Ամեն օր էլ կրակում են, բայց մենք արդեն սովորել ենք, պարզապես այս անգամ ավելի երկար հնչեցին կրակոցները»:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց բնակավայրերի գնդակոծման փաստը՝ նշելով, որ առավոտյան կողմ կրակոցներ են եղել Չինարի գյուղի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, թե հայկական բնակավայրերի գնդակոծման դեպքում ադրբեջանական կողմը արժանի հակահարված կստանա, սակայն ոչ թե բնակավայրերի, այլ մարտական հենակետերի ուղղությամբ: