Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին՝ հունիսի 8-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի գործունեությանը եւ ամենամյա հեռուստամարաթոնին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանել աշխատանքների բարձր որակը եւ կատարման ժամկետները:

Նախագահը կարեւորել է նաեւ Արցախում իրականացվող ծրագրերի լուսաբանման պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը հատկապես Սփյուռքում:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: