Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում գտնվող PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցություն) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը, PKK-ի իրանյան թեւ համարվող PJAK-ին զինադադարի կամ միայն պատասխան գործողությունների կոչ է արել։

Firat գործակալության փոխանցմամբ՝  Մուրադ Քարայըլանը կոչ է արել Իրանի դեմ հակամարտող կողմ չդառնալ, միեւնույն ժամանակ իր մտահոգությունն է հայտնել PJAK-ի զինյալների  եւ իրանյան զինուժի միջեւ բախման արդյունքում իրանցի գեներալի սպանության կապակցությամբ։ 

Քարայըլանի խոսքով՝ քրդերը չպետք է Իրանի դեմ հակամարտող կողմ դառնան, այլ՝ զինվելու փոխարեն, պետք է քաղաքականության մեջ մտնեն։ «Այդ պատճառով, ճիշտ ենք համարում, որ PJAK-ը սահմանափակվի միայն Իրանի գործողությունների դեմ պատասխան գործողություններ իրականացնելով։  Եթե Իրանը շարունակի քրդական գյուղերի ռմբակոծումը, մենք ստիպված կլինենք վերանայել մեր քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ Եթե մենք Իրանի դեմ ռազմական գործողությունների որոշում ընդունենք, Իրանը ծանր իրավիճակում կհայտնվի,  սակայն դա ձեռնատու չէ ոչ Իրանին, ոչ էլ քրդերին։ Այդ հանգամանքից կօգտնվեն միայն դրսի ուժերը»,- նշել է Մուրադ Քարայըլանը։

Նշենք, որ վերջին շրջանում PJAK-ի գործողությունների ընթացքում տասնյակ իրանցի զինվորականներ են սպանվել։ Իրանը այդ սպանություններին  ի պատասխան  անցել է գործողությունների Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարների դեմ։  Տեղի աղբյուրների վկայությամբ՝ Իրանի գործողություններից հիմնականում տուժել  են քրդաբնակ գյուղերը։