Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի զարմանա, եթե ռուսական կողմի ինչ-որ մի ներկայացուցիչ որոշի փոփոխությունների ենթարկել Հայաստանի Սահմանադրությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, Երեւան-Մոսկվա «Եվրասիական ընտրություն. Հայաստան -2014» թեմայով հեռակամուրջի ժամանակ ռուսական կողմը հարց է բարձրացրել, ժամանակը չէ՞ արդյոք Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովը փոխակերպել եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերով հանձաժողովի:

Պատգամավորը չի զարմանա, եթե վաղը ռուսական կողմի ինչ-որ ներկայացուցիչ, անկախ տրամաչափից, որոշի խմբագրել Հայաստանի անվտանգության ռազմավարությունը, որոշի՝ որքան հանձնաժողովներ պետք է գործեն Ազգային ժողովում, ինչպիսի մեխանիզմներով պետք է աշխատի խորհրդարանը, ավելին, նույնիսկ գներ սահմանի խորհրդարանի ճաշարանում: «Ինձ համար զարմանալի է, որ ԱԺ-ի պատգամավորները, ովքեր ներկա են եղել այդ հանդիպմանը, համենայն դեպս, լրատվամիջոցների հրապարակումները այդ են վկայում,  շատ վախվորած ու զգուշավոր են արձագանքել նման «անպատկառ» հայտարարություններին: Այստեղ պատասխանը մեկն է. Հայաստանը ինքնիշխան պետություն է, Հայաստանի խորհրդարանը՝ ինքնիշխան պետության խորհրդարան: Հայաստանն ունի իր սեփական քաղաքականությունը: Թույլ տվեք մենք որոշենք՝ ԱԺ-ում ինչպիսի հանձնաժողով պետք է գործի, ինչպիսին՝ ոչ», - ընդգծեց Նաիրա Զահրաբյանը: