«Հայաստանի նախագահը դասեր չի քաղում Հայոց պատմությունից»,- ասել է Արգենտինահայ փաստաբան Պասկուալ Օհանյանը՝ Diario Armenia թերթին տված հարցազրույցում։ Մասնագիտությամբ փաստաբան եւ կոչումով պատմաբան 77-ամյա Օհանյանը «Թուրքիա՝ ցեղասպանության երկիր» հնգհատորյակի հեղինակն է, որը պատրաստում է 6-րդ հատորը՝ նվիրված 1920 թ-ին։
Հատորների առնչությամբ անհրաժեշտ փաստաթղթեր հավաքելը տեւեց մոտավորապես 10 տարի։ Ամեն հատորի վրա նա աշխատեց ավելի քան 5 տարի, սակայն Օհանյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ նրանցից յուրաքանչյուրը ժամանակագրական ճշգրտությամբ արտացոլում է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերը։ «Իհարկե, գրականությունը բարդ բան է, բայց աշխատանքի ընթացքում տեղի է ունենում հոգեւոր աճ եւ լավ եմ հասկանում սեփական ժողովրդիս պատմությունը»,- ասում է Օհանյանը։
Ըստ նրա, հայերը գրեթե չէն ունեցել պետականության փորձ, այլ երկրների կառավարությունների հետ հարաբերություն։ Դա պայմանավորված է նրանով, որ իր պատմության ընթացքի մեծ մասը Հայաստանը ստիպված է եղել պայքարել, պաշտպանվել, մտածել սեփական անվտանգության մասին, հաղթահարել չքավորությունը եւ այլն։
«Մի կողմից հայերը շատ են տուժել Թուրքիայի եւ Արեւմուտքի ձեռքերով, մյուս կողմից՝ նրանք չէին իմանում թե ինչ ճանապարհ է ընտրված նրանց համար, որպեսզի իրավիճակը դեպի լավը շրջեին։ Հարկ է ինքնազննմամբ զբաղվել, եթե կուզեք՝ ինքնաքննադատությամբ։ Օրինակ՝ ներկայումս, Հայաստանի նախագահը չի տեսնում այն դասերը, որը նա կարող էր իր համար վերցնել պատմությունից։ Քանի որ, կապել հույսերը ԱՄՆ-ի, Անգլիայի կամ Ֆրանսիայի հետ, նշանակում է չտեսնել անցյալը։ Ես չեմ ասում, թե պետք է կուրորեն վստահել Ռուսաստանին։ Չէ՞ որ, նա հետապնդում է իր շահերը, իսկ Հայաստանը՝ միջոց է։ Սակայն Անգլիան եւ Ֆրանսիան ուղղակիորեն ծախեցին Հայաստանը։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա այցին, ապա թուրքերի համար դա ոչինչ չի նշանակում, նրանք հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը կապված Հայող ցեղասպանության հետ։ Ասեմ, որ պետք չէ վստահել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին»։
Օհանյանը համաձայն է այն բանին, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը ոչ շահավետ է, սակայն կարծում է, որ, այնուամենայնիվ, ելք կա՝ Իրանի հետ լավ փոխհարաբերությունները թույլ կտան Պարսից ծոցի միջոցով աշխարհի հետ կապ պաշտպանել։




























