Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հունիսի 9-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Միխաել Փոսթլը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, թե նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ավստրիայի հետ կապերը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ընդլայնելու անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ դեսպանը կարեւոր ներդրում կունենա այդ գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ համագործակցության առկա մեծ ներուժը հնարավոր է լավագույնս իրացնել երկկողմ եւ Եվրամիության ծրագրերի շրջանակներում:
Դեսպանը տեղեկացրել է, որ Ավստրիայի արտգործնախարարի` առաջիկայում Հայաստան կատարելիք այցը նպատակ ունի նախանշել փոխգործակցության նոր ծրագրեր, հատկապես` տնտեսության եւ մշակույթի ոլորտներում:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Փոսթլը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացների շուրջ: Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրիայի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ խնդրում` նշելով, որ այն ինքնին լավ աջակցություն է բանակցող կողմերին:
Դեսպան Փոսթլը վերահաստատել է Ավստրիայի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին ոչ միայն եվրաինտեգրման, այլեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում:


























