Հայկական ատոմակայանն այսօր ունի կուտակված ֆինանսական պարտավորություններ, որոնց ծավալը շուրջ 9-9,5 մլրդ դրամ է: Այս մասին, ՀԱԷԿ-ում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«Ֆինանսական պարտավորություններն առաջացել են փոխառությունների ու վարկային միջոցների կառավարման արդյունքում: Մենք պետք է կարողանանք հետագա տարիներին ավելի արդյունավետ կառավարում իրականացնել »,- նշել է նա, հաղորդում է էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքը:

Ըստ այդմ, Երվանդ Զախարյանն անդրադարձել է նաև նոր ատոմակայանի կառուցմանը՝ տեղեկացնելով, որ նոր բլոկի արժեքը կկազմի մոտ 4,5 մլրդ դոլար:

«Դրա մի մասը Ռուսաստանի կառավարությունը կտրամադրի ապրանքների, սարքավորումների տեսքով, իսկ մյուս մասը մենք կլրացնենք այլ երկրներ հետ բանակցություների արդյունքում ձեռք բերված ֆինանսական օժանդակությունների միջոցով»,-ասել է Զախարյանը:

Նա նշել է, որ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2018-2019 թվականներին: