Մայիսին Ռուսաստանից Հայաստանի ֆիզիկական անձանց ուղարկված ոչ առեւտրային նշանակության մասնավոր տրանֆերտները տարեկան կտրվածքով ավելացել են մոտ 1,6 մլն դոլարով կամ 1,3%-ով (այստեղ հաշվի են առնվում միայն առեւտրային բանկերի դրամական փոխանցման համակարգերի միջոցով իրականացված փոխանցումները):
Հունվար-մայիսի ամիսների «ռուսական» տրանֆերտների հավելաճը կազմել է 17,9 մլն դոլար, որից ավելի քան 15,3 մլն դոլարը (կամ գրեթե 86%) բաժին է ընկել առաջին ամսվան՝ հունվարին: Հիշեցնենք, որ ֆետրվարին եւ ապրիլին Ռուսաստանից ստացված տրանֆերտների անկում է արձանագրվել՝ համապատասխանաբար 2,0% եւ 0,5%: Իհարկե, սա միայն մեր խնդիրը չէ: Կարող էր եւ ավելի վատ լինել: Օրինակ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ այդ նույն ռուսական տրանսֆերտների ծավալը Տաջիկստանում կրճատվել է 13.4%-ով:
«Ռուսական» տրանսֆերտների հոսքի դանդաղեցումը հունվար-մայիս ամիսներին հանգեցրել են ընդհանուր ցուցանիշում այդ երկրի մասնաբաժնի կրճատմանը՝ 1.3%-ով: Չնայած տարբեր երկրներից ստացվող փոխանցումների, մեր հյուսիսային հարեւանի տեսակարար կշիռը մրցակցությունից դուրս է (հունվար-մայիս ամիսներին կազմել է 81,0 %): Այս փաստը մեր երկրի տնտեսությունը ուղղակի կախվածության մեջ է դնում Ռուսաստանի իրավիճակից: Երկրների դիվերսիֆիկացիան, որտեղ կարող են աշխատանքի անցնել միգրանտները, այդպես էլ դատարկ խոստում մնաց՝ մեր արտահանման դիվերսիֆիկացիայի նման:
Այդ ընթացքում, Արեւմուտքի երկրների պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ արդեն լրջորեն արտացոլվում են վերջինիս տնտեսության վրա: Բացի այդ, մայիսին զբաղվածությունը փոխանակ տրամաբանորեն աճի, մնացել է նույն մակարդակի վրա: Մեր սեզոնային աշխատողների համար ավելացել են նաեւ Ռուսաստանի կողմից աշխատանքային միգրանտների նկատմամբ խիստ սահմանափակումները:
Տրանսֆերտների գծով հեռանկարները բավականին մշուշոտ են: Համաձայն HSBC միջազգային հեղինակավոր բանկի կանխատեսման, երկրորդ կիսամյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շարժընթացը կարող է բացասական բնույթ կրել: Սա լավագույն դեպքում, նշանակում է ինչպես գործազրկության, այնպես էլ միջին աշխատավարձի «սառեցում»: Հասկանալի է, որ սա, առաջին հերթին, կհարվածի աշխատանքային միգրանտներին:

Սմբատ Գրիգորյան





























