Ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից հուլիսի 11-ի երեկոյան Սոթքի մոտ վիրավորված 37-ամյա Կարինե Դավթյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, NEWS.am-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ 37-ամյա կինը երեկվանից ինքնուրույն շնչում է, իսկ այսօր սկսել է խոսել։
«Դրական դինամիկա կա։ Ապաքինվում է, սակայն տեւական բուժման կարիք ունի։ Չեմ կարող ասել, թե երբ վերջնականապես կապաքինվի։ Ինչ վերաբերում է տեսողության վերականգնմանը, դրա վերաբերյալ դեռ վաղ է որեւէ բան ասել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 1972թ. ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977թ. ծնված Կարինե Դավթյանը:





























