«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ չի կարելի ֆուտբոլը կապել միջպետական հարաբերությունների հետ: Դա ընդամենը ֆուտբոլ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Գյուլի Հայաստան այցելությունը քաղաքավարության դրսեւորում էր եւ Սերժ Սարգսյանը նույնպես պետք է գնա ուղղակի ֆուտբոլ դիտելու:

«Կապել դա հարաբերություններ հաստատելու հետ, կարծում եմ չի կարելի, հատկապես, որ ֆուտբոլ դիտելու կամ չդիտելու համար նախապայմաններ դնելն լրիվ անընդունելի է»,- ընդգծեց Հ. Իգիթյանն ու հավելեց. «Ի վերջո, Թուրքիայի նախագահը հենց այնպես էր եկել, առանց նախապայմանների եւ ինձ թվում է, որ չնայած հայկական կողմն արդեն իրեն ծուղակի մեջ է դրել, հայտարարելով, որ միայն սահմանը բաց լինելու դեպքում կայցելի ֆուտբոլ դիտելու, եւ չեմ պատկերացնում, թե դրանից հետո ինչպես պետք է Սերժ Սարգսյանը գնա Թուրքիա, բայց բոլոր դեպքերում, ճիշտ կլինի, եթե նա ինչ-որ կերպ ձեւ գտնի հայտարարելու, որ գնում է ուղղակի ֆուտբոլ դիտելու եւ մեր ֆուտբոլիստներին քաջալերելու: Ընդհանրապես թատրոն կամ ֆուտբոլ դիտելու գնում են այլ նպատակներով, եւ դրանք միջպետական հարաբերություններին խառնելը մեծ դիվանագիտական սխալ էր»: