Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն հունիսի 9-ին մասնակցել է Ստամբուլի հայկական դպրոցների մի խումբ շրջանավարտների ավարտական միջոցառմանը եւ անձամբ հանձնել ավարտական վկայականները։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Նիմեթ Չուբուքչուն իր ելույթում նշել է, որ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը Ստամբուլի հայկական դպրոցներում դասագրքերը անվճար է բաժանում, իսկ որոշ դասագրքեր էլ տպագրվել են հայերեն։
Ըստ Թուրքիայի կրթության նախարարի՝ Թուրքիայի ազգային փոքրամասնության դպրոցներում առկա որոշ խնդիրներ ամենակարճ ժամկետում լուծում կստանան։ «Ընդհանուր 22 հայկական դպրոցներում սովորող 2 հազար 600 աշակերտների համար կարեւոր խնդիրներից է նաեւ հայոց լեզու դասավանդողների պակասը։ Այդ խնդիրը հաղթահարելու համար եւս միջոցներ են ձեռնարկվել»,- նշել է Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն։
Նշենք, որ սա Թուրքիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ այդ երկրի կրթության նախարարը մասնակցել է հայ շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը։


























