Ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ ինքը եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դեռ չեն որոշել, թե ինչպես են մասնակցելու 2012 թվականի նախագահական ընտրություններին եւ այդ մասին կպայմանավորվեն ավելի ուշ։
Պուտինն ասել է, որ Մեդվեդեւի հետ միասին մտածում են այդ թեմայի շուրջ, սակայն ինքը որոշել է ժամանակից շուտ չկենտրոնանալ այդ խնդրի վրա։ Ինչպես ընդգծել է Պուտինը, ռազմավարության ընտրությունը կախված կլինի ռուսական ղեկավարության աշխատանքների արդյունքներից։ Պուտինը նաեւ խոստովանել է, որ իրեն դուր է գալիս վարչապետ լինելը, հայտնում է newsru.com-ը։
Դմիտրի Մեդվեդեւի հետ տանդեմային տարբերակով աշխատանքը Վլադիմիր Պուտինը համարել է «շատ արդյունավետ» եւ պատմել, թե ինչպես են իրենք որոշումներ ընդունում։ «Մենք միասնական դիրքորոշում ենք մշակում, այն ավելի ամուր եւ դիմացկուն է դառնում»,- հայտնել է Պուտինը։


























