Ազատագրված Քարվաճառի տարածք հուլիսի 8-ից ներթափանցած ադրբեջանական դիվերիսոն խմբի հարցն այսօր՝ հուլիսի 17-ին, քննարկվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ։ Այս մասին այսօր ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք քննարկել ենք վերջին շրջանում սահմանին տեղի ունեցած դեպքերը, Ադրբեջանի ապակառուցողական վերաբերմունքը, որը եւ չէր կարող չքննարկվել։ Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի ապակայունացման պահվածքը, երբ հնչում են կրակոցներ շփման գծում, միեւնույն ժամանակ պետք է ասեմ, որ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը՚»,- ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ բացի Քարվաճառի դեպքերից քննարկվել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հարավային Ամերիկա կատարած այցը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը չեզոքացնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի, երկուսին ձերբակալել: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ  գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել: