Թուրքիայի Սահմանադրական դատարանը սահմանել է, որ թուրք-հայկական լրագրող Հրանտ Դինքի սպանությունը արդյունավետ չի քննվել, եւ հետեւաբար նրա ընտանիքի իրավունքները խախտվել են, գրում է թուրքական «Hürriyet Daily News» թերթը:

Միաձայն վճիռը կայացվել է Հրանտ Դինքի ընտանիքի անդամների դատարան ներկայացրած անհատական հայցի հիմքով: Ընտանիքը դատարան էր դիմել՝ հիմնավորելով, որ պատշաճ կերպով  տեղեկացված չի եղել քննության ընթացքի մասին, իսկ քննությունն էլ անցկացվել է բացթողումներով: 

Նշենք, որ տվյալ որոշումն ընդունվել է այն դեպքից մի քանի օր անց, երբ Ստամբուլի դատարանը ճանապարհ էր բացել  Դինքի սպանության գործով կարեւոր պաշտոնյաների նկատմամբ քննություն իրականացնելու համար՝ դիտավորության կամ անփութության մեղադրանքով:   Ստամբուլի դատարանը չեղարկել է նախորդ վճիռը՝ Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրղուն Գյունգյորի, Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի, Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ահմեդ Իլհանի եւ ոստիկանության վեց աշխատակցի նկատմամբ պատժամիջոցների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ:

Հիշեցնենք,  ծագումով հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թ. հունվարի 19-ին՝ իր «Ակօս» թերթի խմբագրության մոտ: Ավելի շատ շոու հիշեցնող դատավարությունները դեռ չեն բացահայտել սպանության կազմակերպիչներին: