«Եթե մեր ընդդիմախոսները իշխանության փոփոխությունը պատկերացնում են առանց կտրուկ գաղափարական փոփոխությունների, ապա որեւէ բան չի փոխվի»,- նման տեսակետով հունիսի 10-ին ասուլիսում հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմությունը հայտարարում է, որ ներկա իշխանության պարագայում պայքարը օլիգարխիկ համակարգի դեմ արդյունավետ չի լինի, որովհետեւ օլիգարխիան ինտեգրված է քաղաքական համակարգի մեջ, հետեւաբար իրենց բիզնեսի դեմ որոշումներ չեն կայացնի, Գ. Մինասյանն ասաց.« Մեր ընդդիմախոսները ճիշտ չեն, որովհետեւ այս համակարգի ճարտարապետները եղել են նաեւ հենց իրենք: Չեմ կարծում, որ իշխանության փոփոխությամբ պետք է այդ հարցը լուծվի: Ուղղակի Պողոսին կփոխարինի Պետրոսը: Այլ բան է, եթե լինի գաղափարական փոփոխություն, բայց ես չեմ տեսնում, որ մեր ընդդիմախոսները որեւէ գաղափարական նոր զենք ունեն իրենց զինանոցում»: Նրա խոսքով, իրենց ընդդիմախոսները ճիշտ նույն մարդիկ են, որոնք ստեղծել են այս համակարգը: «Այլ բան է, որ գործող իշխանություններից պահանջվում է մեծ ջանք, որպեսզի այդ համակարգն իր տեղը զիջի ավելի առողջ համակարգի: Դա շատ բարդ խնդիր է, որովհետեւ պետք է այնպես անել, որ բյուջեի բոլոր ծախսերն անվերապահորեն կատարվեն»,- ասաց Գ. Մինասյանը:


























