ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր՝ հուլիսի 18-ին, որոշել է խոսել իր հասցեին հնչած մեղադրանքի մասին, թե ինքը դավաճանել է ժողովրդին։ Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Արթուր Բաղդասարյանը հիշեց իր անցած ճանապարհը։

«Թույնով եւ ատելությամբ լի որոշ մարդիկ փոխանակ կարեւորեն մեր նախաձեռնած պայքարը, զբաղված են ատելություն սերմանելու ՕԵԿ-ի նկատմամբ, հնչեցնելու մեղադրանքներ։ Ինձ համար կարեւոր է, որ մարդիկ հասկանան մեզ եւ վերջապես վերջ դրվի բամբասանքին։ Երբ 2006 թվականին ես կամովին լքեցի ԱԺ նախագահի պաշտոնը, սկսեցին հայտարարել, թե Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել՝ ընդդիմության ձայները հավաքելու համար։ Սակայն մենք հաջորդ տարի մեր թիմակիցների շնորհիվ երրորդ անգամ նորից մտանք Ազգային ժողով։ Այսինքն մենք պայմանավորվե՞լ էինք, որ իշխանությւոնները մեզ հալածեին, մեզ պայթեցնեին։ Իսկապես, սնանկ չարախոսություններ են։ Անցնենք հաջորդ մեղադրանքին. Ես պատասխաանտու եմ մարտի մեկի դեպքերի համար։ Հիշեցնեմ՝ այդ ընտրությունների ընթացքը։ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ ինձ ասաց, որ կամ ես պետք է միանամ իրեն, կամ ինքը ինձ կոչնչացնի, մեր հանդիպումը ավարտվեց՝ երեք օր մտածիր, ինձ կպատասխանես։ Տեսաք, որ ընտրությունների վերջին տասնօրյակին ես գտնվել եմ եւ իշխանությունների, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների լուտանքների միջեւ։ Այնուհետեւ ես գրավեցի երրորդ տեղը, դրանից հետո էլ ես Լեւոն Տեր-Պետրոսյանին չեմ տեսել։ Սկսվեցին հանրահավաքները, մարդիկ մեզ էլ էին սպասում, սակայն... Այսքանից հետո Սերժ Սարգսյանը հրապարակավ դիմեց մեզ՝ առաջարկելով կազմել կոալիցիա, արդյունքում մենք հանդիպեցինք, այնուհետեւ ստորագրվեց կոալիցիոն հուշագիր»,- ասաց Արթուր Բաղդասարյանը։

Թե ովքեր են մեղավոր, Արթուր Բաղդասարյանը համոզված է, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը։

«Այս դեպքում էլ պետք է մեղավորներ գտնեին եւ պատասխանատվությունից խուսափելու համար պետք է այն բարդել մեկ ուրիշի վրա, եւ այստեղ գտան Արթուր Բաղդասարյանին։ Այստեղ ուզում եմ մի քանի հարց՝ ինչու Լեւոն Տեր- Պետրոսյանն իր շքեղ բնակարանից չիջավ Ֆրանսիայի հրապարակ, ինչու ուլտիմատում դրեց իմ առջեւ։ Պատասխանը շատ հստակ է»,- ավելացրեց նա։

Անդրադառնալով վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին օգնելուն՝ ՕԵԿ նախագահը նշեց, որ իրենք կոալիցիոն հուշագիր էին ստորագրել եւ հետեւաբար, պետք է ազնվորեն կատարեին իրենց ասածը։

Անցյալի հիշողություններից հետո Արթուր Բաղդասարյանը խոսեց ներկայիս սոցիալ-տնտեսական վատ վիճակի մասին՝ տպավորություն ստեղծելով, թե այս վիճակը նորություն է բոլորիս համար։

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց ընդամենը օրեր անց ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից։