Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մտադիր է ցուցմունք տալ Միջերկրական ծովում մայիսի 31-ին միջազգային նավատորմի վրա կատարված հարձակման գործով հետաքննությանը:
Նաթանյահուի խոսքով, ցուցմունքներ կտան նաեւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն ու այլ պաշտոնյաներ: Վարչապետն ընդգծել է նաեւ, որ Երուսաղեմը սեփական ներքին հետաքննություն է անցկացնելու եւ մտադիր չէ մասնակցել այդ հարցով միջազգային քննություններին, հաղորդում է Rbc.ru-ն:
Նաթանյահուն նշել է նաեւ, որ միջազգային հանրությանն անհրաժեշտ է ստանալ Գազայի հատվածի ափերի մոտ տեղի ունեցածի ընդգրկուն պատկերը: Նա նշել է, որ Իսրայելը հետաքննելու է իսրայելական զինվորականների վրա կատարված հարձակումը այսպես կոչված «Ազատության նավատորմի» նավերի վրա, եւ կգտնի հարձակման կազմակերպիչներին՝ նավերի վրա գտնվող ակտիվիստների շարքից:


























