Հայաստանի ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը մայիսի 3-ին կասեցվել է՝ «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի» 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։  Գործը գտնվում էր Հատուկ քննչական ծառայության վարույթում։  Միաժամանակ գրավոր հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը` որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու համար:

 

NEWS.am-ը փորձեց այս առթիվ մենկաբանություն ստանալ նաեւ ՀՀ ոստիկանությունից։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանն ասաց. «Եթե ՀՔԾ-ն այդ քրեական գործի վարույթը կասեցրել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզ չլինելու պատճառաբանությամբ, դա դեռեւս չի նշանակում, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները եւս կասեցված են: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ՀՀ ոստիկանությունում օպերատիվ որոնողական միջոցառումները շարունակվում են, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ»:

 

Հիշեցնենք, որ Գեւորգ Մհերյանը սպանվել էր մոտ 1 տարի առաջ իր տան շքամուտքում՝ Երեւանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկում` վերելակի մոտ։ Մհերյանը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնականն էր, իսկ 2008 թ. հուլիսի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր փոխոստիկանապետ: