«Ես կողմ եմ նրան, որպեսզի քաղաքականության մեջ հայհոյանքին հայհոյանքով պատասխանեն»,- Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ իր կուսակիցներից ոմանք, նախօրեին անցնելով Հայաստանում օտարալեզու դպրոցների դեմ բողոքող ցուցարարների միջով, երեք մատի կոմբինացիա են ցույց տվել եւ անվայելուչ բառեր ասել։
«Ես էլ հայհոյեցի, սակայն հայհոյեցի գրական հայերենով. մոտեցա ցուցարարներին, լուռ նայեցի նրանց աչքերի մեջ, ստիպեցի նրանց լռել եւ ասացի, որ այդ աչքերի մեջ մի քանի հայի աչքեր կան»,- բացատրեց Սահակյանը։ Նա միաժամանակ ընդգծեց, որ հայոց լեզվի հարցում ինքը խուսափում է կոշտ դիրքորոշումից, սակայն Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հարցում փորձում է գնալ փոխզիջման եւ բավարարել բոլոր ցանկությունները։ «ՀՀԿ այս հարցում փորձում է կոնսենսուսային լուծում գտնել»,- հայտարարեց Սահակյանը։
Խոսելով այն մասին, որ օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությունը հավանության չեն արժանացնում շատ ակադեմիկոսներ, Սահակյանն ասաց։ «Ամոթ է, որ ակադեմիկոսները կանգնեն ցուցարարների շարքերում, քանի որ նրանք չեն կարող իրենց լավ զգալ ժողովրդական հոգեբանության մեջ»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ընդգծեց, որ ԲՀԿ-ն օտարալեզու կրթությանը կողմ է միայն ավագ դպրոցում դասավանդման պայմանով։ «Ճիշտ է, կարող են լինել 1-2 բացառություններ, որտեղ օտարալեզու կրթությունը կարող է մտցվել միջին դասարաններում, սակայն դա եւս պետք է օրենքով կարգավորվի»,- նկատեց նա։ Զոհրաբյանը նաեւ ընդգծեց, որ մասնավոր դպրոցներում պետք է անվճար տեղեր նախատեսվեն անապահով խավի օժտված երեխաների համար։
Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ կուսակցությունը մինչեւ վերջ պայքարելու է օտարալեզու դպրոցների բացման դեմ։ Սակայն առայժմ նախաձեռնության դեմ ստորագրահավաք նախաձեռնելու կամ Սաահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն նա չի տեսնում։
Նշենք, որ ԿԳ նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնիէ դարձել, որ օտարալեզու մասնավոր դպրոցներում ուսման վարձը կազմելու է տարեկան շուրջ 22 հազար դոլար: ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մասնավորապես Դիլիջանում, «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանի կողմից բացվող դպրոցում ուսման վարձը մոտավորապես հենց այդքան կկազմի:


























