ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` հունիսի 11-ին Լիմասոլում (Կիպրոս) մասնակցել է «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում» խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Նա մասնավորապես ասել է. «Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր ես բազմիցս կոչ եմ արել ընդդիմությանը` օգտագործել խորհրդարանի ամբիոնը որպես քաղաքական քննարկումների հարթակ: Ցանկանում եմ նաեւ հավաստել, որ մեր երկրի խորհրդարանը գործով է ապացուցում իր հավատարմությունը ժողովրդավարության չափանիշներին ու եվրոպական արժեքային համակարգին: Դրա մասին են վկայում ՀՀ Ազգային ժողովի կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր ընդունած օրենքները եւ ներկայում ընթացող բարեփոխումների գործընթացը: Այս համատեքստում կցանկանայի առանձնակի անդրադառնալ «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության իրավունքների եւ պարտականությունների ընթացակարգային ուղենիշների մասին» ԵԽԽՎ 1601 բանաձեւի պահանջներին համապատասխան «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում կատարած փոփոխություններին, որով լրացուցիչ երաշխիքներ են ապահովում Հայաստանի խորհրդարանում ընդդիմության գործունեության համար:

Մասնավորապես՝ նրանց ընձեռնված է առաջնահերթ հայտարարություններ անելու, օրենքների կամ որոշումների նախագծերի` արտահերթ ընթացակարգով քննարկման ներկայացնելու հնարավորություն: ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին` այդ թվում ընդդիմադիր ուժերին, կանոնակարգի փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱԺ հանձնաժողովների ձեւավորման փուլում նախագահների ու նրանց տեղակալների պաշտոնների բաշխվածությունը կատարել հստակ կանոններով:

Այս համաժողովը պետք է արտացոլի մեր պատկերացումները ժողովրդավարության մասին: Սակայն կարծում ենք, որ իրական պատկերը ավելի լավ տեսնելու համար հետաքրքիր կլիներ նույն հարցով կազմակերպել խորհրդաժողով, որին հրավիրված լիներ միայն ընդդիմությունը: Եվ եթե պարզվեր, որ երկու համաժողովների գնահատականները համընկնում են, ապա հնարավոր կլիներ ասել, որ մեր երկրներում մենք հասել ենք ժողովրդավարության պատշաճ մակարդակի:

Ավարտելով ելույթս, համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ  եւ հետաքրքիր քննարկումներ»:

Այսօր նախատեսվում են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Կիպրոսի, Մալթայի, Շվեդիայի, Խորվաթիայի խորհրդարանների նախագահների եւ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից: