Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում Ադրբեջանի աշխատանքը 20 բալանոց գնահատման համակարգով կարելի է գնահատել զրո: Այդ մասին հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները աշխատում են, բայց պետք է նաեւ Ադրբեջանը ջանքեր գործադրի իր կողմից, որպեսզի կարողանա լուծում գտնել, ինչպես դա անում է Հայաստանը»,- նշել է Ռոշբլուանը եւ հավելել. «Այս համատեքստում պարզապես եթե գնահատենք Ադրբեջանի աշխատանքը, ապա նա 20 բալանոց համակարգով կստանա զրո միավոր»:

Ըստ ֆրանսիացի պատգամավորի՝ Ադրբեջանն այս կեցվածքն ունենալով գործում է միմիայն սեփական ժողովրդի դեմ: