«Սինոփսիսը» ձեռք է բերում «Վիրաժ Լոջիք» կորպորացիան: Այս մասին «Սինոփսիս» եւ «Վիրաժ Լոջիք» ընկերությունների ներկայացուցիչների հուլիսի 11-ին տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը` ավելացնելով, որ երկու ընկերությունների միաձուլումը կբերի նաեւ նոր հնարավորություններ:
«Մեր երկու ընկերությունների միացումը լայնացնում է մեր հնարավորությունները, քանի որ դրա հիմքում ընկած են երկու ուժեղ տեխնիկական թիմեր»,-ասաց Գոլդմանը` ավելացնելով, որ բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը նախատեսվում է ավարտել մինչեւ հոկտեմբեր, եւ այդ ընթացքում պետք է որոշվի ընդհանուր բրենդի եւ «Վիրաժ Լոջիք»-ի աշխատակիցների հարցը:
Ըստ համաձայնագրի պայմանների` «Վիրաժ Լոջիք»-ի մեկ բաժնետոմսի համար «Սինոփսիսը» կվճարի 12 դոլար: Գործարքի ընդհանուր գումարը կկազմի մոտ 315 մլն դոլար:
««Վիրաժ Լոջիք»-ի բաժնետոմսերի վաճառքի հիմքում ընկած է ոչ թե ֆինանսական խնդիրները, այլ շուկայում երկու ընկերությունների միացմամբ ավելի մեծ թվով արտադրանք տալը»,- ասաց «Վիրաժ Լոջիք» ընկերության փոխնախագահ Երվանդ Զորյանը` ավելացնելով, որ երկու ընկերությունների միացումը չիպդիզայնի բնագավառում հնարավորություն կտան շուկային համալիր առաջարկ ներկայացնել։
Նշենք, որ «Վիրաժ Լոջիք» կորպորացիան բարդ ինտեգրալ սխեմաների նախագծման համար նախատեսված ֆունկցիոնալ եւ ֆիզիկական կիսահաղորդչային մտավոր սեփականության առաջատար մատակարար է: Իսկ «Սինոփսիս» ընկերությունը էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտի համաշխարհային առաջատար է, որը համաշխարհային էլեկտրոնային շուկային մատակարարում է կիսահաղորդչային նախագծման եւ արտադրության համար անհրաժեշտ ծրագրային միջոցներ:




























