Օրերս ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ երրորդ պարբերական զեկույցը` ընդունված հուլիսի 13-31-ը Ժնեւում կայացած 96-րդ նստաշրջանի քննարկումների արդյունքում: Ի թիվս բազմաթիվ մեղադրանքների՝ Ադրբեջանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վերաբերյալ զեկույցում նշում է նաեւ, որ այդ «ժողովրդավար» երկրում սաստիկ սահմանափակվում են խոսքի ազատությունը, ազատ արտահայտվելու իրավունքը, մամուլի ազատությունը` փակվում են թերթեր, արտասահմանյան ռադիոկայաններին մերժում են լիցենզիա տրամադրել եւ այլն: Զեկույցում հատուկ նշված է, որ «մեծ անհանգստության տեղիք են տալիս տեղեկությունները լրագրողների հետապնդման եւ ազատազրկման մասին: Նույնը կիրառվում է նաեւ նրանց հանդեպ, ովքեր համարձարկվում են սեփական կարծիքը արտահայտել ինտերնետում»: Բայց կարծես թե Ադրբեջանի իշխանություններին արդեն չի բավականացնում «պատժամիջոցներ կիրառել» սեփական երկրի լրագրողների հանդեպ. նրանք որոշել են անցնել հարեւան երկրներին:
Press TV կայքը տեղեկացնում է, որ վերջերս Իրանի հետ սահմանամերձ ադրբեջանական Լենքորան քաղաքում գնացքից իջեցվել եւ կալանավորվել էին Իրանի պետական IRIB հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորը: Վերջիններս մեղադրվել են արգելված տարածքում նկարահանումներ կատարելու մեջ: Այնուհետեւ երբ հետաքննությունը պարզել է, որ այդ մեղադրանքներն անհիմն են, նրանց մեղադրանք է ներկայացվել մուտքի արտոնագրի ժամկետը լրանալու մեջ: Եվ այդպես մի քանի շաբաթ շարունակ իրանական լրագրողները պահվել են բանտում եւ նրանց զանազան մեղադրանքներ են ներկայացվել:
Սակայն երբ ադրբեջանական իրավապահ մարմինների մտքի փայլատակումները որեւէ լուրջ ապացույց չեն կարողացել գտնել, ստիպված ազատ են արձակել լրագրողներին՝ նախապես ջնջելով վերջիններիս 660 րոպեանոց տեսագրությունները: Սա միակ ու վերջին դեպքը չէ: Հուսանք, Ադրբեջանը դեռ բազում առիթներ կունենա ցուցադրելու «ժողովրդավարական երկրի իր բարի համբավը»:
NEWS.am. Անկախ քաղաքացիությունից` հայազգի լրագրողների մուտքն Ադրբեջան եւս խստիվ արգելվում է եւ կարող է վնաս պատճառել վերջիններիս առողջությանը:




























