Աշխարհի առաջնության եւ Ա խմբի երկրորդ հանդիպումը Ուրուգվայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ անցավ հիմնականում հավասար պայքարում: Ուրուգվայի հավաքականի հարձակման առաջատար Դիեգո Ֆորլանը դարձավ առաջնության մեկնարկի լավագույն խաղացողներից մեկը` բազմիցս անհանգստացնելով Ֆրանսիայի պաշտպանության խաղացողներին: Ֆրանսիական հարձակմանը սրություն էին հաղորդում Ֆրանկ Ռիբերին եւ Սիդնեյ Գովուն: Սակայն ամբողջ հանդիպման ընթացքում պաշտպանությունն ու դարպասապահներն ավելի վստահ էին գործում, քան հարձակման մասնակիցները:
Հանդիպման վերջնամասում Ռայմոն Դոմենեկը դրսեւորվելու հնարավորություն տվեց Մալուդային եւ Անրիին, սակայն դա էլ չօգնեց եւ միայն Ուրուգվայի հավաքականի խաղացող Լոդեյրոյի հեռացումից հետո ֆրանսիացիների առավելությունը դարձավ ճնշող: Արդեն ավելացված ժամանակում վստանգավոր տուգանային հարվածը չկարողացավ արդյունավետ իրացնել Տիերի Անրին: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 0:0 հաշվով:
Հատկանշական է, որ այս Աշխարհի առաջնությունն առաջինն է առանց ֆուտբոլային ֆանատների սովորական ուրախ, չար, ցասումնալի, ոգեշնչող կամ ճնշող աղմուկի, աշխարհի առաջնությունն՝ առանց գրավող հեռուստատեսային ձայնակցության միլիարդավոր հեռուստադիտողների համար: Այդ ամենի փոխարեն «վուվուզել» կոչվող գործիքի կպչուն եւ անընդհատ ձայնն է մեկ ամիս մաշելու աշխարհի ականջը: Այդ գործիքի գործնական կիրառությունը անդունդի եզրից անասուններին հետ քշելու մեջ է:
Կարճ վիճակագրություն
Մինչ այս խաղը թիմերը հանդիպել էին հինգ անգամ: Երկու անգամ հաղթել էր Ուրուգվայը, երկու անգամ գրանցվել էր ոչ-ոքի եւ միայն մեկ անգամ էր Ֆրանսիան ավելի ուժեղ եղել: 1970թ. կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո, Ուրուգվայն աշխարհի առաջնություններում անցկացրած 14 հանդիպումներում ընդամենը մեկ հաղթանակ է տարել` 1990թ. առաջնությունում պարտության մատնելով Հարավային Կորեային: Այն ժամանակ էլ ուրուգվայցիների գլխավոր մարզիչը Օսկար Տաբարեսն էր, որն այժմ էլ թիմի ղեկին է:
Ֆրանսիայի հավաքականը մասնակցում է իր 13-րդ առաջնությանը: Նախորդ երեք առաջնություններում հենց ֆրանսիացիներին է հաջողվել երկու անգամ դուրս գալ եզրափակիչ:Ֆրանսիայի հավաքականը կարողացել էր հաղթել մեկնարկային 12 հանդիպումներից միայն չորսում: Վեց անգամ ֆրանսիացիները պարտվել են, երկու անգամ խաղացել ոչ-ոքի: Սակայն հաղթելու դեպքում Ֆրանսիան առնվազն քառորդ եզրափակիչ է հասել: Այս անգամ Ֆրանսիան աշխարհի առաջնություններում իր 13-րդ մեկնարկը սկսեց ոչ-ոքի հաշվով:



























