Դ խմբում կա հստակ ընդգծված առաջատար` աշխարհի եռակի չեմպիոն Գերմանիան: Երկրորդ տեղի համար անհաշտ պայքար է ծավալվելու, սակայն մյուս թիմերը դժվար թե միավոր կորզեն բունդեսթիմից: Ավստրալացիներին անել դա չհաջողվեց: Գերմանիայի հավաքականի ահեղ հարձակողական զույգը` Լուկաս Պոդոլսկի – Միրոսլավ Կլոզե, իրենց գործը գերազանց կատարեցին` դնելով Ավստրալիայի խայտառակության սկիզբը:
Առաջին տուրի օրինաչափությունն է դառնում արագ գոլն ու կարմիր քարտը: Այս անգամ եւս հաշիվը բացվեց ամենասկզբում, արդեն 8-րդ րոպեին փայլեցին գերմանացիները: Պոդոլսկին հարվածեց մոտ 12 մետրից: Դարպասապահ Մարկ Շվարցերը միայն արձագանքեց, բայց հետ մղել չստացվեց:
26-րդ րոպեին իրեն գերազանց դրսեւորեց արդեն Կլոզեն: Պաշտպանների հսկողությունը նրան չխանգարեց կրկնապատկել հաշիվը:
56-րդ րոպեին հեռացվեց Թիմ Կեհիլը: Դրանից հետո Ավստրալիան տասը ֆուտբոլիստներով միայն հետեւում էր գերմանացիների մեկնարկային հաղթանակին: Այն էլ` խոշոր հաշվով հաղթանակին:
Թոմաս Մյուլլերն ու Կակաուն երեք րոպեի ընթացքում` 67-ից 70-րդ րոպեներին հաշիվը դարձրին 4:0: Գերմանիան գլխավորում է Դ խմբի մրցաշարային աղյուսակը:



























