Հունիսի 13-ին ժամը 19.43-ին Շիրակի մարզից ստացված տեղեկության համաձայն` Գյումրիում մոլեգնած ուժեղ քամու հետեւանքով Տերյան փողոցի թիվ 121/018 եւ 121/019 տնակների վրա ծառ է ընկել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Փրկարարների ուժերով ծառը մասնատվել է եւ հեռացվել:

Ուժեղ քամու հետեւանքով վնասվել է նաեւ մարզի Աշոցք գյուղի խանութներից մեկի տանիքը` 72 քմ. մակերեսով, իսկ մարզի Ոսկեհասկ գյուղում վնասվել են երեք տների եւ մեկ անասնագոմի տանիքները:

Օրվա ընթացքում մոլեգնած քամին եւ տեղացած անձրեւը վնաս են հասցրել նաեւ Հացիկ գյուղի տնամերձ հողամասերին եւ ցանքատարածքներին: Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետը:

Նույն օրը ժամը 18.20-ից մինչեւ ժ.18.40-ը տեղացած կարկուտից վնասվել են մարզի Կապս, Վահրամաբերդ, Ազատան, Մայիսյան, Մարմաշեն, Հովունի, Հացիկ եւ Ոսկեհասկ համայնքների գյուղատնտեսական հողատեսքերը եւ շինությունների տանիքները: Վնասի չափը ճշտելու նպատակով Շիրակի մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Նույն օրը, ժամը 19.50-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ տեղացած անձրեւների հետեւանքով սելավաջրերը հեղեղել են Բերդ քաղաքում տեղակայված` ՀՀ ՊՆ զորամասի տարածքը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների կողմից նշված տարածքում իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ: