Այսօր ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի ներկայացուցիչների հետ այցելեց Արագածոտնի եւ Շիրակի մարզեր։

Շիրակի մարզում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմադիրները իրենց պայքարը շարունակելու են մինչեւ վերջ՝ քանի դեռ գեթ մեկ քաղբանտարկյալ մնում է բանտում: Մարալիկում, ուր Կոնգրեսի ղեկավար անդամների ու համաներմամբ ազատ արձակվածներից շատերի ուղեկցությամբ այցելել էր դեռեւս ազատազրկման մեջ գտնվող Հարություն Ուռուտյանի տուն, Տեր-Պետրոսյանը ասաց, որ այցելություններում ոչ մի քաղաքական նպատակ չպետք է փնտրել։ «Սա մեր ընկերական պարտքն է, որոշ բարոյական աջակցություն ո'չ իսկ ընտանիքներին, այլ նրանց հարեւաններին», — ընդգծեց ՀԱԿ-ի առաջնորդը: «Ընտանիքները դրա կարիքը չունեն: Մենք նրանցից ավելի շատ բարոյական քաջալերություն, աջակցություն կարող ենք ստանալ, քան մենք կարող ենք տալ: Որովհետեւ նրանք համոզված մարդկանց ընտանիքներ են, որոնք ոչնչի համար չեն զղջում, պատրաստ են ցանկացած զրկանք կրել հանուն իրենց գաղափարների, հանուն իրենց նպատակների իրագործման», — հայտարարեց Տեր-Պետրոսյանը: Նա նաեւ նշեց. «Մենք չենք հանգստանալու, Կոնգրեսը մի պահ անգամ չի դադարեցնելու իր պայքարը, քանի դեռ մեկ քաղբանտարկյալ անգամ մնում է բանտում: Մենք շարունակելու ենք մինչեւ վերջ»:

Այցի ընթացքում Տեր-Պետրոսյանին ուղեկցում էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀԱԿ ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը, Լեւոն Զուրաբյանը, Վլադիմիր Կարապետյանը, Սմբատ Այվազյանը, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանը եւ այլք։

Վաղը ՀԱԿ ներկայացուցիչները՝ Լեվոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելելու են Լոռու մարզ: