Սահմանին կանգնած հայ զինվորի մարտական ոգին բարձր է եւ նա պատրաստ է կանխել ցանկացած ոտնձգություն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով սահմաններում տիրող իրավիճակի մասին հարցին:

Նա ընդգծել է, որ վերջին օրերին բազմիցս այցելել է Հայաստանի սահմանամերձ գյուղեր, հանդիպել բնակիչների հետ, իսկ վաղը կրկին մտադիր է մեկնել Տավուշի մարզ:

Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելուն, նախարարն ասել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Մեկնաբանելով կամավորականների խմբի սահման մեկնելու որոշումը, նախարարն ընդգծել է, որ «կամավորականները մե մարտական ընկերներն են» եւ նրանց մի մասը գտնվում է բանակի պահեստազորում:

«Ագրեսիայի դեպքում՝ նրանք կհամալրեն բանակի շարքերը: Այս պահին Զինված ուժերը կատարում են իրենց առջեւ դրված առաջադրանքը, կամավորականների անհրաժեշտություն չկա: Բայց նրանց հանդիպումները անձնակազմի հետ, այցելությունները զորամասեր բարձրացնում են զինվորի ոգին եւ կարեւոր են փորձի փոխանցման տեսակետից»,-նշել է Սեյրան Օհանյանը:

Նախարարը նաեւ նշել է, որ դիվանագիտների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ինքը միշտ ընդգծել է դիպուկահարների հետքաշման եւ միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը:
«Անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել միջադեպերի հետաքննության վրա եւ դատապարտել հրադադարը խախտող կողմին: Դիվերսիաները եւ խախտումները կատարում է ադրբեջանական կողմը, մեր կողմից խախտումներ չկան: Բոլորը դա հասկանում են»,-ասել է Սեյրան Օհանյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am