Երեւանում այսօր՝ օգոստոսի 6-ի առավոտյան, կայացել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի արարողությունը:

Միջոցառումն իրականացվել է Երեւանի մանկական այգում տեղադրված խաղաղության քարի մոտ՝ «Խիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ:

«Խիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մի կողմ թողած իրեն հանգիստն ու գործը, ներկա են միջոցառմանը, ընդգծեց այս ողբերգական օրը հիշելու կարեւորությունը: Ներկաներին ողջույնի խոսք ուղղեց նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը եւ Հայաստանում բնակվող ճապոնացի Խիրոկի Կանդոն:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ռմբակոծության զոհերի հիշատակը:

Ամերկյան «Էնոլա Գեյ» ամերիկյան ռմբակոծիչը, գնդապետ Փոլ Թիբեթի հրամանատարությամբ, 1945թ. օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա «Փոքրիկ» անունով 4 տոննա ուրանային ռումբ է գցել: Պայթյունի հետեւանքով վայրկենապես 70-100 հազար մարդ է զոհվել: Հիրոսիմայի հազարավոր բնակիչներ մահացել են ճառագայթային հիվանդություններից: