Հաճախակի կրակոցները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում վերջին մի քանի օրվա ընթացքում խախտել են առանց այն էլ անհանգիստ ամառը: Այդ մասին իր՝ «Օգոստոսի ղարաբաղյան զենքը» հոդվածում գրում է բրիտանացի լրագրող, Կովկասի փորձագետ Թոմաս դե Վաալը:
Նրա խոսքով, վերջին շաբաթում սահմանագծին ավելի շատ զոհ եղավ, քան 2013թ.-ի ընթացքում: «Ղարաբաղի սահմանագիծը ամենառազմականացվածն է Եվրոպայի տարածքում»,- գրում է վերլուծաբանը: Նա նշում է, որ վերջին 15 տարում ամեն տարի երկու կամ երեք տասնյակ մարդ զոհվում է միջադեպերի հետեւանքով: Սակայն այս տարի մի քանի գործոն, այնպես ինչպես ավելի «ցինիկ վերաբերմունքը խաղաղ գործընթացին եւ սպառազինությունների շարունակվող մրցավազքը, որը հրահրում է Ռուսաստանը, իրավիճակն ավելի են վատթարացնում»:
Դե Վաալը հիշեցնում է, որ Հայաստանն ավելի ռուսամետ կուրս է որդեգրել եւ մտադիր է Եվրասիական միություն մուտք գործել: «Հնարավոր է, սա ամրապնդել է Երեւանում առկա պնդումը, որը կոնֆլիկտի դեպքում, Մոսկվան կարող է միջամտել, որպեսզի պաշտպանի ՀԱՊԿ իր համաձայնագրային պարտականությունները, եւ օգնության կհասնի Հայաստանին»,- համարում է նա:
Ընդ որում վերլուծաբանն ընդգծում է, որ Ադրբեջանն ավելի անվստահելի ու ավելի ագրեսիվ տեսք ունի: Ադրբեջանում մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումն ու քաղաքացիական հասարակության ճնշումը շարունակվում է, գրում է նա՝ հիշեցնելով Լեյլա Յունուսովայի եւ նրա ամուսնու ձերբակալության մասին:
Դե Վաալի գնահատականների համաձայն, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից շատերը տեղային են ու անհամաձայնեցված, սակայն ավելի լուրջ միջադեպերը չէին կարող առանց քաղաքական հավանության տեղի ունենալ:
«Այդ հարձակումներն, ավելի շուտ, տեղի են ունենում ադրբեջանական կողմից, որը մերժել է հրադադարի ռեժիմի կայունացման միջազգային նախաձեռնությունները: Որպես պարտվող կողմ, ադրբեջանցիներն իրենց պարտքն են համարում մարտահրավեր նետել ստատուս-քվոյին, նյարդայնացնել մյուս կողմին եւ աշխարհին հիշեցնել կոնֆլիկտի մասին»:
Նրա խոսքով՝ օգոստոսի 4-ին մարտերը մեղմացան, հավանաբար այն պատճառով, որ երկու կողմերն էլ սթափվեցին: Վերլուծաբանը նաեւ հաղորդում է օգոստոսի 8-ին եւ 9-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ նախագահների հանդիպման մասին, թեեւ նրանք չեն հաստատել, որ կհանդիպեն միմյանց: «Պուտինն, իհարկե, իր սեփական օրակարգն է ունենալու, որը կարող է վերաբերել որքան Ուկրաինային, այնքան էլ Ղարաբաղին: Եթե կողմերն առավել էական խաղաղ գործընթացում չներգրավվեն, ապա բռնությունը կարող է կրկնվել»,- եզրափակում է դե Վաալը:





























