«Արփիմեդ» ՍՊԸ-ն չի պատկանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը՝ անդրադառնալով տարածված տեղեկատվությանը, ըստ որի ՀՀ կառավարության առաջիկա նիստում ընդունվելու է որոշում՝ «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու, եւ այն մասին, որ ընկերությունը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության հայտարարությունում ասվում է.
«1. «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը արդեն իսկ իրականացնում է հոգեմետ նյութերի արտադրության, արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեություն՝ ըստ ՀՀ կառավարության նախկինում ընդունված որոշման տրված լիցենզիայի, որը նույնպես տրամադրվել էր եռամյա ժամկետով. խոսքն այս դեպքում, ըստ էության, լիցենզիայի վերատրամադրման եւ վերագրանցման մասին է։
2. «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի պատկանում Գագիկ Ծառուկյանին»:





























