Ի պաշտպանություն գործարար Լեւոն Հայրապետյանի կազմակերպվող երթին կմիանան մի շարք հայտնի մարդիկ: Երթը կայանալու է օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին:
Այս կապակցությամբ «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Նախքան երթը, Տեր Հակոբն իր աստվածային օրհնանքը կասի երթին, բոլորս միասին կաղոթենք Լեւոն Հայրապետյանի առողջության եւ նրա գործի արդար քննության համար ու կշարժվենք նախատեսված ուղղով:
Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետեւ կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ ՀՀ արտգործնախարարություն:
Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին:
Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի երթին պատրաստակամություն են հայտնել միանալու հայտնի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, սցենարիստ Արմեն Վաթյանը, երգիչ Ֆորշը, դերասան Հրանտ Թոխատյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դերասան Միքայել Պողոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը»։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:




























