ԼՂՀ-ն պատրաստ է շահագրգիռ միջազգային հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն շփման գծում վերջին միջադեպերի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այն իրավիճակը, որը ստեղծվել է շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով, Միրզոյանը պատասխանել է. «Հուլիսի վերջին - օգոստոսի սկզբին ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են մի շարք դիվերսիոն գործողություններ եւ ներթափանցման փորձեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) տարածք, որոնք արդյունավետ կերպով կանխվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից։
Ադրբեջանի նոր արկածախնդրությունը, որը հանգեցրել է զգալի մարդկային զոհերի եւ դարձել հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի պատճառ, առաջին հերթին ուղղված է ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերի խաթարմանը։
ԼՂՀ իշխանությունները բազմիցս հրավիրել էին միջնորդների եւ միջազգային հանրության՝ ընդհանրապես, ուշադրությունն իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող փորձերի եւ դրանց կասեցման նպատակով գործնական եւ արդյունավետ միջոցների կիրառման անհրաժեշտության վրա։
Ցավոք, հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք գնահատականի եւ վճռական ու հասցեական դատապարտման բացակայությունը շարունակում է ադրբեջանական կողմի մոտ առաջացնել ամենաթողության եւ անպատժելիության թյուր զգացում, ինչը՝ բանակցային գործընթացի եւ հակամարտության իրողություններից բոլորովին կտրված լինելու ֆոնին, հանգեցնում է միայն լարվածության խորացմանը եւ իրավիճակի վատթարացմանը։
ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության ներկայիս կտրուկ աճը դարձավ Ադրբեջանի կողմից վերջին ամիսներին տեղի ունեցող հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների եւ սադրանքների գագաթնակետ։
Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ միջոցներ է անհրաժեշտ կիրառել շփման գծում լարվածությունը թուլացնելու եւ կայունություն ապահովելու համար, ԼՂՀ ԱԳ նախարարը արձագանքելն է. «Ղարաբաղյան կողմն այսուհետ եւս շարունակելու է կասեցնել Ադրբեջանի ցանկացած փորձ՝ ապակայունացնելու իրավիճակն առաջնագծում եւ բարձրացնելու լարվածության մակարդակը հակամարտության գոտում։
Միաժամանակ, հավատարիմ լինելով բացառապես խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմանը, կարծում ենք, թե վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ անհրաժեշտ է ակտիվացնել լարվածության թուլացման, վստահության եւ անվտանգության ամրապնդման անհապաղ միջոցների մշակմանն ու կիրառմանն ուղղված ջանքերը։
ԼՂՀ֊ն հետեւողականորեն հանդես է գալիս ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանը եւ կայունության ու կանխատեսելիության ապահովմանն ուղղված նախաձեռնություններով, որոնք վերջին անգամ ամբողջացված ներկայացվել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության 2014 թ. մայիսի 12֊ի հայտարարությունում։
Համոզված ենք, որ նշված միջոցների անհապաղ կիրառումը, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննության արդյունավետ մեխանիզմի մշակումը, թույլ կտան կայունացնել իրավիճակը եւ արագ կարգավորել շփման գծում հնարավոր միջադեպերն ապագայում։
ԼՂՀ-ն, իր հերթին, պատրաստ է շահագրգիռ միջազգային հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն՝ շփման գծում վերջին միջադեպերի մասին եւ իր ներդրումն ունենալ հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ապահովելու գործում»:





























