Սոցիալական ցանցերում գրառումներն առանցքային դեր են կատարել Ուկրաինայի արեւելքում մալայզիական Boeing-ի կործանման հետաքննության գործում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Ֆլինին:

«Առաջին ենթադրություններն այն մասին, թե ով է հարվածել ինքնաթիռի ուղղությամբ, երբ, ինչու եւ որտեղ, այս ամենը եղել է սոցիալական ցանցերում»,- ասել է Ֆլինը: Նա նշել է, որ այդ տվյալները հայտնվել են աղետից հետո «բառացիորեն մի քանի րոպեի ընթացքում»:

Ըստ Ֆլինի եւ ամերիկյան այլ պաշտոնյաների, վերջին 1.5 տարվա ընթացքում ԱՄՆ-ն ակտիվորեն ներդրում է կատարել՝ ինչպես Facebook-ի եւ Twitter-ի, այնպես էլ արտասահմանյան տարածաշրջանային սոցիալական այլ ցանցերի հաղորդագրությունները հավաքելու եւ ուսումնասիրելու համար: Նշվում է, որ նման ծրագրերը կարող են հեղափոխություն առաջացնել հետախուզական «բաց» տվյալների հավաքագրման գործում:

Պաշտոնյաները նշում են, որ կառավարական համակարգիչներն ունակ են սոցիալական բազմաթիվ ցանցերից հավաքագրել եւ սքանավորել մեծ քանակությամբ նյութեր:

Պենտագոնի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ սոցցանցերի ուսումնասիրությունը հատուկ ծառայություններին օգնել է հետեւել Գազայի հատվածում տիրող իրավիճակին եւ հետապնդել ահաբեկչական խմբավորումներին: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:

Բացի այդ, ըստ Մայքլ Ֆլինի, «հարյուր տոկոսանոց հետախուզական տվյալները» հազվադեպ երեւույթ են, եւ որ տեղեկատվության բոլոր տեսակները կարող են ոչ հավաստի լինել: