Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը հույս ունի, որ Ադրբեջանը զերծ կմնա հետագա դիպուկահար գրոհներից եւ դրա փոխարեն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հետ կմասնակցի հակամարտության կարգավորման կառուցողական բանակցություններին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՄՆ Հայ դատի գրասենյակից:
Շերմանը հայտարարել է, որ խորապես վշտացած է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններին բռնության բորբոքման եւ մի քանի հայ ու ադրբեջանցի զինվորների մահվան մասին հաղորդագրություններով: «Ես մտահոգված եմ Հայաստանի սահմանակից գյուղում «Կարմիր խաչի» աշխատակիցների վրա Ադրբեջանի գրոհներով եւ այս հակամարտությունում դիպուկազարկ հրացաններ օգտագործելու Բաքվի որոշումից: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Ադրբեջանը զերծ կմնա հետագա դիպուկահար գրոհներից եւ դրա փոխարեն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հետ կմասնակցի հակամարտության կարգավորման կառուցողական բանակցություններին», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտում դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:





























