Այսօր` հունիսի 14-ին, աշխարհի առաջնությունում տեղի կունենա երեք հանդիպում: E խմբում Հոլանդիան կխաղա Դանիայի, Ճապոնիան` Կամերունի հետ: F խմբում չեմպիոնի տիտղոսի պաշտպանությունն իտալացիների կսկսեն Պարագվայի հետ խաղում: E խմբի Հոլանդիա – Դանիա խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 16:30-ին։
Հոլանդիան մեկնարկում է հաղթողի գլխավոր հավակնորդների թվում: Թիմը փայլուն անցկացրեց ընտրական մրցաշարը` տանելով միայն հաղթանակներ: Նարնջագույնների կազմում միայն համաշխարհային մեծության աստղեր են: Միակ բանը, որ տխրեցնում է` Արիեն Ռոբենի վնասվածքն է: Նրա մասնակցությունն այսօրվա հանդիպմանը կասկածի տակ է:
Դանիացիները նույն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեցին` գրավելով առաջին տեղը եւ հիմնավորված հավակնում են փլեյ-օֆֆ դուրս գալուն, թեեւ Կամերունն ու Ճապոնիան լրջագույն մրցակիցներ են: Բացի այդ, Դանիայի մարզիչ Մորտեն Օլսենը կադրային խնդիրներ ունի: Հարձակվող Նիկլաս Բենդտները դեռ չի ապաքինվել, դաստակի վնասվածք ունի հիմնական դարպասապահ Թոմաս Սորենսենը, պաշտպաններ Կիաերն ու Մտիլինգան բաց են թողել վերջին ստուգողական հանդիպումները:
Վիճակագրությունը հոլանդացիների օգտին է: Եթե հաշվի չառնենք Եվրո-1992-ի կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Դանիայի տարած հաղթանակը, հիմնական ժամանակում վերջին անգամ դանիացիները Հոլանդիային հաղթել են 1967թ.՝ 3:2 հաշվով: Հոլանդիայի հավաքականը աշխարհի առաջնության մեկնարկային խաղում չի պարտվել 1938թ.-ից, երբ 3:0 հաշվով հաղթեց Չեխոսլովակիային:
Այժմ Բերտ Վան Մարվեյկի թիմը նոր ռեկորդ է սահմանել` չպարտվելով 19 հանդիպում անընդմեջ:



























