Ռուսաստանը, որպես մեկուսացած երկիր, փորձում է ցույց տալ, որ դեռեւս ազդեցություն ունի Հարավային Կովկասում, հատկապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վրա: Օգոստոսի 7-ին կայացած ասուլիսում անդրադառնալով օգոստոսի 8-9-ը Սոչիում նախանշված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումներին՝ այս մասին հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նրա համոզմամբ, պետք չէ օգոստոսի 8-9-ը նախանշված հանդիպումները կապել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի հետ: «Հանդիպումների ընթացքում ռուսական կողմն Ադրբեջանին կոչ է անելու Ռուսաստանի կողմից վաճառված զենքը չօգտագործել խաղաղ բնակչության դեմ եւ ընդհանրապես հակամարտության սրացման նպատակով: Իսկ Հայաստանին, հավանաբար, կասի, որ սադրանքների դեպքում պետք չէ պատասխանել»,- նշեց Հովհաննես Իգիթյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Պուտինը նախագահներին ասելու բան չունի:
Ադրբեջանը, ըստ ընդդիմադիր գործչի, ներկայում փորձում է երկու հարց լուծել. մի կողմից, Ադրբեջանը փորձում է աշխարհին ցույց տալ, որ ղարաբաղյան հակամարտությունը հակամարտություն է մնում: «Իրականում հակամարտություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Եթե Ադրբեջանը չկրակի, ապա Արցախը տարածաշրջանային որեւէ վտանգ չի ներկայացնի. Արցախը ժողովրդավարական պետությանը բնորոշ բոլոր նախանշաններն ունի»,- ընդգծեց Հովհաննես Իգիթյանը: Նա նաեւ հավելեց, որ այս ամենը նյարդայնացնում է Ադրբեջանին, որը փորձում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը:





























