Deutsche Welle-ը ներկայացնում է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ օգոստոսի 6-ին կայացած հեռախոսազրույցի մանրամասները: Գործակալության փոխանցմամբ՝ ԳՖՀ կանցլերը կոչ է արել Պուտինին ռուսամետ ակտիվիստներին համոզել համաձայնել Կիեւի հետ երկկողմանի հրադադարի հետ:
Մերկելը մտահոգ է Դոնբասում ռուսամետ ուժերին Մոսկվայի գաղտնի աջակցությամբ, հայտարարել է Բեռլինում կառավարության մամուլի քարտուղարի տեղակալ Կրիստինա Վիրցը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Կանցլերն ընդգծել է, որ առաջնային նպատակը արեւելաեվրոպական երկրում իրավիճակի կայունացումն է: Մերկելի խոսքով՝ «Ուկրաինան պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն ընդունել իր ապագայի կառուցման վերաբերյալ որոշումներ»:
Իր հերթին, Պուտինը ուշադրություն է հրավիրել երկրի հարավ-արեւելքում ուկրաինական ուժային կառույցների չդադարող ռազմական գործողությունների վրա, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի եւ հումանիտար խնդիրների սրացմանն են հանգեցնում: Պուտինը նաեւ կարծում է, որ կատարվածի պատասխանատվությունը ուկրաինական կառավարությունն է կրում:





























