Վերջին դիվերսիոն գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմի կորուստները 8-9 անգամ ավելի են: Այս մասին օգոստոսի 7-ին կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Միաժամանակ, Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը շարունակում է ապատեղեկացնել իր լսարանին. ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ իրավիճակն այնպես են ներկայացրել, կարծես իրենք են հաղթանակել: Սակայն, ըստ Սեյրան Օհանյանի, իրականությունը բոլորովին այլ է:
Նախարարի խոսքով, հակառակորդը ձգտում է ուժեղացնել լարվածությունը եւ դիմում է ոչ միայն Արցախ ներթափանցման դիվերսիոն փորձերի, այլեւ սահմանամերձ շրջանների, մասնավորապես՝ Հայաստանի Տավուշի մարզի խաղաղ բնակիչների ուղղությամբ գնդակոծությունների: Խաղաղ բնակչության դեմ օգտագործվում են նռնականետեր, 82 մմ-անոց ականանետեր:
Հուլիսի 25-ից իրավիճակի սրման ընթացքում դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերը կատարվում են մեծ մասշտաբով, իսկ որոշները՝ նույնիսկ ցերեկային ժամերին, ինչն այդ փորձերին բացահայտ հարձակողական գործողությունների բնույթ է հաղորդում:
«Բայց այդ բոլոր փորձերը ձախողվել են: Արցախի Պաշտպանական բանակը հետ է մղել դրանք, իսկ հատուկ նշանակության ստորաբաժանումները պատասխան գործողություն են իրականացրել: Մենք կարողացանք պատասխանել այդ մարտահրավերներին, բարձրացնել մեր զինծառայողների մարտական ոգին, Հայաստանում միասնականության եւ համախմբման ոգի ստեղծել»,- ասել է Օհանյանը: Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձ է կատարել շփման գծում, սակայն բոլոր դեպքերում հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն խոստովանել է ավելի քան 20 ադրբեջանցի զինվորի սպանվելու մասին: Հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխելու ընթացքում 7 հայ զինվոր է զոհվել:




























