ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները չեն մասնակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ շաբաթավերջին Սոչիում ակնկալվող հանդիպմանը: Այդ մասին «Ազատությանը» հայտնել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից՝ նշելով, որ միջնորդների այց Սոչի ծրագրված չէ:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի Հանրապետության նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտում դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: