Կրթության եւ գիտության ոլորտի բոլոր աշխատակիցները, որոնք սեպտեմբերին կվերակնքեն իրենց աշխատանքային պայմանագրերը, կընկնեն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ծուղակը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ նախկին գիտաշխատող, «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Տիգրան Գրիգորյանը։

«Ես անձամբ կոչ եմ անում բոլոր դասախոսներին՝ սեպտեմբերին մի վերակնքեք ձեր պայմանագիրը, քանի որ ընկնելու եք կուտակային կենսաթոշակի ծուղակը»,- ասաց Տիգրան Գրիգորյանը՝ ավելացնելով, որ այդ օրենքի ընդունումով երկրի ղեկավարությունը խոչընդոտում է գիտակրթական համակարգի երիտասարդացմանը։

Նախաձեռնության անդամների խոսքով՝ գիտությամբ զբաղվելու համար իրենք չունեն կառավարության աջակցության կարիքը։ «Օրենքի ընդունումը գիտության քայքայման պատճառներից է։ Գիտությամբ զբաղվելը, փաստորեն, արդեն դառնում է վնասակար, եւ երիտասարդ մասնագետների՝ գիտական հաստատություններից հեռանալը, չպետք է դիտվի այնպես, որ երիտասարդները չեն մտածում Հայաստանի գիտության զարգացման մասին եւ մեր քայլերն էլ ուղղված չեն մեր համակարգի խարխլմանը, այլ նշանակում է, որ կառավարության աջակցության կարիքը չունենք գիտությամբ զբաղվելու համար»,-ասաց Տիգրան Գրիգորյանը։

ԵՊՀ նախկին դասախոս Սոնա Գրիգորյանը, խոսելով գիտության ոլորտում աշխատող մարդկանց փոխարեն կենսաթոշակային կառավարիչների ընտրության մասին, ԿԳ նախարարին եւ վարչապետին խնդրեց եւ հորդորեց սատարել մասնավոր ոլորտում աշխատող երիտասարդներին՝ նրանց համար խնդիրներ ստեղծելու փոխարեն։

Անդրադառնալով Հայաստանում գիտության վիճակի եւ կես դրույքով մասնավոր ոլորտում աշխատելուն՝ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գրիգոր Պետրոսյանը նշեց, որ «ոչ մի տղամարդ, ինչքան էլ գիտություն սիրող լինի, երբեւէ 60 հազար դրամ աշխատավարձով չի աշխատի, քանի որ չի կարողանա ընտանիք պահել»:

 «Դեմ եմ» նախաձեռնության անդամները նշեցին, որ գիտության ոլորտի երիտասարդ ներկայացուցիչների համար իրենք նախագիծ են պատրաստվում, որը վերաբերելու է այլընտրանքային կրթական համակարգին։

«Գիտության ոլորտի փորձառու մասնագետները երիտասարդների հետ կկիսվեն իրենց փորձով, կասեն, թե ինչպես է պետք զբաղվել գիտությամբ, որպեսզի այն վնաս չտա»,- ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գրիգոր Պետրոսյանը: